ՀՀ կառավարությունն ավելի քան 205 մլն դրամ կտարամադրի 6 մարզի
Կառավարությունն ավելի քան 205 մլն դրամ կտարամադրի Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Սյունիքի մարզպետարաններին՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն ապահովելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ որոշման նախագիծը վերաբերում է սուբվենցիոն ծրագրերի համաֆինանասավորմանը: Դրանք, ըստ Տերտերյանի, իրականացվում են 23 համայնքում:
Նա ասել է, որ կառավարությունն արդեն 230 ծրագրի հայտ է ստացել, որոնցից հավանություն է ստացել 179-ը: Տերտերյանի տեղեկացմամբ՝ ծրագրերից արդեն 134-ն ընթացքի մեջ է:
«134 ծրագրերից կառավարությանը կուզեի տեղեկացնել, որ հիմնականում ծրագրեր են, որոնք ուղղված են ներհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, լուսավորությանը, կոյուղագծերին, ոռոգման համակարգերին, խմելու ջրին, նախակրթարաններին, զբոսայգիներին, տեխնիկայի ձեռքբերումներին, այսինքն՝ համայնքային նշանակության հարցերին ուղղված խնդիրներ են լուծվում այդ ծրագրով»,- նշել է Տերտերյանը:
Որոշման նախագիծը քննարկելիս՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ծրագիրը կառավարություն-տեղական կառավարման մարմիններ համագործակցության շատ լավ օրինակ է: