Եթե սիգը Սևանում շատ եղավ, մե՞նք ենք գնալու որսանք. Նիկոլ Փաշինյան
Բնապահպանական հարցերում լինելու ենք շատ նախանձախնդիր: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, հիմա քննարկում են հանքարդյունաբերության հարցը եւ շատ շահարկումներ են լինում դրա հետ կապված. «Մենք երբեք չենք ասել, որ հանքարդյունաբերությունը փակելու ենք: Մենք ասում ենք, որ հանքարդյունաբերությունը ՀՀ-ում պետք է իրականացվի ամենաբարձր չափանիշներով: Քայլեր ենք ձեռնարկելու այդպիսի բարձր ստանդարտներ սահմանելու համար»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ իշխանությունները որոշ շրջաններում արգելում են ձկան որսը կամ անտառահատման փորձերը, դա ճիշտ չի ընկալվում այդ տարածաշրջանների բնակիչների կողմից. «Բայց եթե սիգը Սևանում շատ եղավ, մե՞նք ենք գնալու որսանք: Էլի տարածաշրջանի բնակիչներն են շահելու: Ինչ արվում է, այդ տարածաշրջանում մարդկանց շահերից է բխում: Այլ խնդիր է, որ պետք է պարզ երկխոսություն սկսենք մեր բնակիչների հետ: Մենք պետք է կարողանանք համոզել, որ անտառ չկտրելով կարելի է ավելի շատ գումար վաստակել, քան՝ կտրելով: 55 հազար խմ թափուկ է հանձնվել բնակիչներին: Դա արվել է առանց անտառին վնաս հասցնելու: Այս պրոցեսը պետք է շարունակել: Պետք է ուշադրություն դարձնենք պելետների արտադրությանը»,-ասաց նա: