Եթե ուզում էիք կառավարությանը դարձնել ավելի հաշվետու, ապա դուք դրա համար շատ երկար ժամանակ ունեիք. Միրզոյանը` Աշոտյանին (տեսանյութ)
Ազգային ժողովում այսօր բանավեճ ծավալվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մի առաջարկ է եղել ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից:
Աշոտյանն առաջարկել է, որ այսուհետ վարչապետին և նախագահին սպասարկող ինքնաթիռից և ուղղաթիռից այլ անձանց կողմից օգտվելու կարգը սահմանի ոչ թե վարչապետը այլ կառավարությունը: Արթուր Հովհաննիսյանը, սակայն, պարզաբանեց, որ այս առաջարկը չի առնչվում այս օրինագծին, որն ընդամենը վարչապետի և նախագահի նստավայրերի տեղի մասին է, հետևաբար, չի կարող ընդունվել:
Աշոտյանը պատասխանեց, թե առնչվում է և դրանով ինքը փորձ է անում կառավարությանը դարձնել ավելի հաշվետու, որպեսզի հասարակությունը տեղեկացված լինի կառավարության ծախսերի կամ հաճույքների մասին:
«Եթե ուզում էիք կառավարությանը դարձնել ավելի հաշվետու, ապա դուք դրա համար շատ երկար ժամանակ ունեիք: Իսկ հիմա կառավարությունը շատ ավելի հաշվետու է, քան 7 ամիս առաջ»,- Աշոտյանին պատասխանեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը նաև խորհուրդ տվեց Աշոտյանին, որ իր հռետորաբանությունը հարմարեցնի գրավոր տեքստերի համար, քանի որ շուտով ավելի շատ դրա անհրաժեշտությունը կլինի:
Ի վերջո, նախագիծն ընդունվեց 57 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: