Մարությանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչներին
Երևանի 475 տեղամասային կենտրոններում նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին՝ տեղամասային կենտրոնների գերակշիռ մեծամասնությունում ապահովվել է ներառականությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21–ին, ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին։
Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչներին, որոնք Երևանում են դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով:
«Մենք մեր լիազորությունների շրջանակներում իրականացնելու ենք առավելագույնը՝ ընտրությունները բարձր և պատշաճ մակարդակով կազմակերպելու համար», - նշել է Հայկ Մարությանը:
Քաղաքապետն ասել է, որ կարևորում է միջազգային դիտորդների ներկայությունը ընտրություններին, քանի որ, թեև երկրի իշխանությունները քաղաքական կամք ունեն՝ բացառելու նախկինում տարածում գտած ընտրախախտումները, սակայն դրսից հայացքը կօգնի հայտնաբերել և շտկել հնարավոր տեխնիկական բացթողումները:
ԵԱՀԿ առաքելության դիտորդ Բոյանա Ժիվկովիչը նշել է, որ Հայաստանում ընտրությունների երկարաժամկետ դիտարկում իրականացնող խմբերի մոտ մեկ քառորդը աշխատելու է Երևանում:
ԵԱՀԿ առաքելության անդամները քաղաքապետարանի ներկայացուցիչներից ճշտել են Հայաստանում և մասնավորապես Երևանում հավաքների ազատության իրավունքի իրացման մեխանիզմները, ԿԸՀ և տարածքային հանձնաժողովների հետ տեխնիկական բնույթի հարցերում համագործակցության վերաբերյալ մանրամասները և այլ հարցեր: