Գյումրի կենտրոնում ոստիկանները ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների (տեսանյութ)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե Գյումրիի կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում, «Տրեզզո» սրճարանի դիմաց մի քանի ոստիկաններ ինչպես են դաժան ծեծի ենթարկում երկու երիտասարդների։
Ծեծվողներից մեկը գոռում է․ « Ինչո՞ւ եք ինձ զարկում»։ Կարեն Պետրոսյանը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին:
Նա, մասնավորապես, գրել է. «Ո՞վ է սրա պատասխանատուն։ Տեսանյութում հայհոյանքներ կան այն ինձ ուղղարկվել է այսօր, ուստի ակնկալում ենք պատկան մարմինների պարզաբանումը:
Հ.Գ. աչքիս Շիրակում բան չի փոխվել»:
Մեկնաբանություններում նշվում է, որ ծեծի ենթարկված երիտասարդները երկվորյակ եղբայրներ են:
Aravot.am-ի փոխանցմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է երիտասարդներին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով, իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։ Երիտասարդներից մեկին կալանավորել են երեկ, մյուսին՝ քիչ առաջ։ «Մենք պարզեցինք, որ նրանց փաստաբանը Հայկ Հարությունյանն է։ Վերջինս, որ քիչ առաջ էր վերադարձել դատարանից, Aravot.am -ին փոխանցեց, որ 5 ոստիկան դատարանում ցուցմունք են տվել, թե այս երկու եղբայրները փորձել են փախուստի դիմել, իրենց դիմադրություն են ցույց տվել, իրենք էլ բռնել, բերման են ենթարկել, ավելին, ոստիկանները հայտնել են, թե երիտասարդներն են փորձել ծեծի ենթարկել իրենց: Նրանց ցուցմունքների հիման վրա էլ դատարանը որոշել է երկամսյա կալանքի ենթարկել տղաներին։
Միջադեպը, պարզվում է, ծագել է նրանից, որ եղբայրները իրենց մեքենան ճռռացնելով վարել են Գյումրիի Վարդանանց հրապարակում, ոստիկանները նախազգուշացրել են ՝ հանգիստ վարել։ Տղաները սկզբում ներողություն են խնդրել ոստիկաններից։ Նկատողությունից հետո, երբ մեկ այլ մեքենայի վարորդ սկսել է ճռռացնել, ու ոստիկանների ուշադրությունը սևեռվել է միայն իրենց վրա, եղբայրները հարցրել են․ «էս մենակ մեզ կկանգնեցնե՞ք»։ Սկսվել է հրմշտոց, որին փաստորեն հաջորդել է երկվորյակներին ծեծելով ոստիկանության բաժին տանելը»,-գրել է կայքը:
Մանրամասն՝ տեսանյութում: