Բյուրեղավանի գիշերօթիկից գումար հափշտակելու գործ. նախկին տնօրենի պատժաչափը չփոխվեց
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցից խոշոր չափի յուրացում կատարելու գործով համապատասխանաբար 6,5 տարվա եւ 5,5 տարվա ազատազրկման դատապարտված Գայանե Մարգարյանի ու Փառանձեմ Մարտիրոսյանի բողոքները:
Դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը, որն ավելի քան 3 տարի է՝ կալանքի տակ է, պահանջում էր առաջադրված մեղադրանքների ծավալից հանել հափշտակության մասով նշված 17 մլն 183 հազար դրամն ու մնացած 4,5 մլն դրամի վնասի վերականգնման համար սահմանել համամասնական կարգ: Նա պահանջում էր նաեւ նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել: Դպրոցի նախկին աշխատակից Փառանձեմ Մարտիրոսյանն էլ պահանջում էր վերաորակել մեղադրանքն ու պատիժ սահմանել տուգանքի ձևով, հակառակ դեպքում, նշանակվելիք պատիժը պայմանականորեն չկիրառել: Վերաքննիչը, սակայն, մերժել է եւ ամբաստանյալների, եւ մեղադրողի ներկայացրած բողոքները:
Նշենք, որ այս գործով մյուս ամբաստանյալը՝ Արաքս Հովսեփյանը, դատապարտվել էր 3 տարվա պայմանական ազատազրկման:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը ուղիղ 10 տարի պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության` շահադիտական նպատակով, կազմել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող, իսկ 2007 թվականի սեպտեմբերից կազմակերպության կադրերի գծով տեսուչ Արաքս Հովսեփյանին է հանձնարարել կազմել հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող ընդհանուր 16 անձի հետ աշխատանքային կեղծ պայմանագրեր: Այնուհետեւ նա անձամբ հաստատել է կեղծ պայմանագրերը, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող 16 անձ, որից հետո Արաքս Հովսեփյանի եւ Փառանձեմ Մարտիրոսյանի հետ աշխատավարձի հաշվարկի պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: Դպրոցի այս երեք աշխատակիցները ելքագրել են 36 մլն 370 հազար ՀՀ դրամ: