Նոր Հայաստանում օրինական սեփականությունը պաշտպանվելու է. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ Բաշ-Ապարանի հերոսամարտի տոնակատարությունների ժամանակ, իր ելույթում նշել է, որ Նոր Հայաստանում օրինական սեփականությունը պաշտպանվելու է:
«Այսօր նշում ենք մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը, Սարդարապատը, Ղարաքիլիսան, Բաշ-Ապարանը արիության և ազատասիրության ոգեղեն հուշարձաններ են, որոնք մեզնից յուրաքանչյուրին հիշեցնում են աշխարհաքաղաքական մեր տարածաշրջանում ազատության և ինքնիշխանության նվաճման գինը: Այն մենք հեշտությամբ չենք նվաճել, բայց նար չենք զիջել մեր արժանապատվությունը հանուն մեր ֆիզիկական գոյության»:
Ավինյանի խոսքով, այդ պայքարի շարունակությունն այսօր Արցախն է, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը. «Դա պայքար չէ տարածքների համար, այլ պայքար է հանուն իրավունքների, սեփական բնօրրանում ազատ ու երջանիկ, արժանապատիվ ապրելու իրավունքների: Հայաստանում անդառնալիորեն, անշրջելիորեն մեկնարկել է պետականաշինության նոր փուլ, նոր փիլիսոփայություն, որում իրավունքի հարցն առաջնային պետք է լինի, որում ընտրությունները որպես ժողովրդի կամքի արտահայտություն ազատ պիտի լինեն, որտեղ կուսակցությունները պետք է ներկայացնեն ժողովրդին, որտեղ գործարարը կարիք չի ունենալու զբաղվել քաղաքականությամբ, որտեղ մարդն ու նրա օրինական սեփականությունը պաշտպանվելու են և որտեղից մարդիկ չեն արտագաղթելու, հակառակը՝ արտագաղթածներն են վերադառնալու:
Գալու են հեղեղեն Հայաստանը իրենց կրթական, մշակութային ու ֆինանսական ներուժով: Սա է լինելու մեր հակահարվածը մեր ձախողումներին սպասող հակառակորդին: Մենք ապացուցելու ենք, որ ժողովրդավարությունն ու հզոր բանակը, բարեկեցությունն ու արդարությունը, նորարարությունն ու ավանդույթը ոչ միայն իրար չեն հակադրվելու, այլև անհրաժեշտ են մեկը մյուսին: Մենք հաջողելու ենք, որովհետև երկար էինք փնտրել այս ճանապարհը»,-նշել է փոխվարչապետը: