Հայկական երազանք. Forbes-ի կարծիքով՝ Հայաստանը ձգտում է կրկին դառնալ «Սիլիկոնյան հովիտ»
Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները՝ շեշտելով, որ Հայաստանը փորձում է տեխնոլոգիական էկոհամակարգ ստեղծել և գրավել միջազգային ներդրողներին:
Ըստ հոդվածագրի՝ Հայաստանը դրան փորձում է հասնել բիզնեսի համար լավ պայմաններ ստեղծելով, հարկային բեռի թեթևացմամբ և բարձր որակավորում ունեցող կադրերի օգնությամբ:
«Բարձր որակավորում ունեցող կադրերը մաթեմատիկայի, գիտության և ինժեներության ոլորտներում Հայաստան են ներգրավել առաջատար IT-ընկերությունների, որոնք լիարժեք գիտահետազոտական ստորաբաժանումներ են բացել: Դրանց թվում են Intel, D-Link, Microsoft, ABBYY և շատ այլ ընկերություններ», - ընդգծում է հոդվածագիրը:
Ամսագիրն ուշադրություն է հրավիրում 2011 թվականին Սեմ Սիմոնյանի կողմից Երևանում բացված «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի վրա, որի մասին Visabot նախագծի հիմնադիր և 30-ից ցածր Forbes Global ցանկի անդամ Արտյոմ Գոլդմանն ասել է. «Ինձ զարմացրեց այն, ինչ տեսա Հայաստանում:
Երբ բնակվում ես Մոսկվայում կամ Սան Ֆրանցիսկոյում մտածում ես, որ Հայաստանում ոչ մի հետաքրքիր բան տեղի չի ունենում, սակայն գալիս ես և հասկանում, որ այստեղ ավելի հնարամիտ ծրագրեր են իրականացվում, քան Սիլիկոնյան հովտում: Օրինակ, «Թումո» դպրոցը նմանօրինակը չունի և արդեն իր համակարգն արտահանում է Եվրոպա: Միանշանակ, Հայաստանը մեծ ներուժ ունի, և իմաստալից է այժմ ուշադրություն դարձնել ոչ թե Նահանգներին, այլ քարտեզի վրա գոյություն ունեցող այս յուրահատուկ կետին»:
Ամսագիրն անդրադառնում է նաև հայոց սփյուռքի աջակցությանը. «Ռուբեն Վարդանյանն, օրինակ, գործընկերների հետ միասին ստեղծել է FAST (Foundation for Armenian Science and Technology) գիտահետազոտական հիմնադրամը և մտադիր է ենթակառուցվածքներ կառուցել IT տեխնոլոգիաների և գիտության զարգացման համար»:
Եզրափակելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ Հայաստանի զարգացման ռազմավարությունն իր պատմական նախադրյալներն ունի խորհրդային շրջանից, երբ հանրապետությունը համարվում էր «Խորհրդային Միության Սիլիկոնյան հովիտը»