ՍԱՊԾ-ն ծառայողական ավտոմեքենաների պակաս չունի. ինչպես են պետական միջոցները վատնում
ՀՀ կառավարությանը ենթակա մարմին համարվող սննդամթերքի տեսչական մարմինը, որ նախկինում գործում էր ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն անվամբ, ծառայողական ավտոմեքենաների պակաս չունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՍԱՊԾ-ն ընդհանուր ունի 53 ծառայողական ավտոմեքենա, որից միայն 21-ը սպասարկում է գերատեսչության աշխատակազմին, այդ թվում և անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչություններին, իսկ 32-ը մարզերում է:
Արդյոք արդարացված է այս կառույցին նման քանակությամբ ծառայողական ավտոմեքենայով ապահովելը` հաշվի առնելով նաև կառույցի կատարած թերի աշխատանքը. այդ մասին պարբերաբար դժգոհություններ են հնչում: Մեկ փաստ էլ` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ու մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել են ծառայողական ավտոմեքենաների մի մասից, այնինչ Սննդամթերթի տեսչական մարմնում մտադիր չեն խնայողության ռեժիմի անցնել:
Այս տեսչության ղեկավար Իշխան Կարապետյանի երկու տեղակալի, աշխատակազմի ղեկավարին ևս սպասարկում են ծառայողական ավտոմեքենաներ: Անգամ աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինն ունի ծառայողական ավտոմեքենա: Ի դեպ, մարզային կառույցների աշխատակիցներին հիմնականում սպասարկում են խորհրդային տարիների, հին տարեթվի արտադրության ավտոմեքենաներ: Հայտնի է, որ նման ավտոմեքենաների պահպանման և ավտոպահեստամասերի ձեռքբերման համար պետական բյուջեից ավելի շատ գումարներ են ծախսվում: Չէ՞ որ բացի ավտոպահեստամասերից պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում նաև բենզինի, ապահովագրական, տեխնիկական զննման ծառայությունների համար:
Եվ զարմանալի չէ, քանի որ ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտել էր, որ ՍԱՊԾ-ն ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ծախսել էր գնումների պլանով սահմանված նախահաշվից ավելի շատ գումար: ՈՒ այսքանից հետո Իշխան Կարապետյանը դեռ պաշտոնանկ չի արվել, էլ չենք խոսում պատասխանատվության ենթարկվելու մասին: