Արտակ Դավթյանի նշանակումը ԳՇ պետի պաշտոնում շատ դրական է. Հայկազ Բաղմանյան
ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ներկայումս ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը դրական է համարում Արտակ Դավթյանի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնում նշանակումը:
«Շատ դրական, շատ հաջող, նորմալ, հարգանք վայելող անձ է Զինված ուժերում: Շատ ճիշտ նշանակում և, այո, ես եմ իրեն նշանակել օպերատիվ վարչության պետ,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկազ Բաղմանյանը: Նա նշեց, որ Արտակ Դավթյանը, կարելի է ասել, երիտասարդ տարիքից բանակում «աճած» զինվորական է:
Հարցին, թե այդ դեպքում Արցախի Նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը ինչո՞ւ է նրան որակել որպես ամենաանպատրաստ գեներալ, Հայկազ Բաղմանյանն ասաց՝ չգիտի, ինչու, մանավանդ որ հեռու է՝ Մոսկվայում է:
Հարցին, թե նոր քաղաքական իրավիճակի հետ կապված ինչ փոփոխություններ, սրբագրումներ են նախատեսվում կազմակերպությունում հայ պաշտոնյաների աշխատաոճում՝ հաշվի առնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Հայաստանը կշարունակի նաև մնալ ՀԱՊԿ անդամ՝ անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու խնդիր հետապնդելով», ապա պարոն Բաղմանյանն ասաց. «Բոլոր պլանավորված միջոցառումները կատարվում են»: