Արտակ Դավթյանը բանակի 5-րդ կորպուսի հրամանատար է եղել և դրանով ամեն ինչ ասված է. Փաշինյան
«Արտակ Դավթյանը բանակի 5-րդ կորպուսի հրամանատար է եղել, Հայաստանի ԶՈՒ գեներալ մայոր և դանով ամեն ինչ ասված է»: Լրագրողների հետ զրույցում այսօր` մայիսի 26-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց,այն հարցին, թե Արթուր Աղաբեկյանը մտահոգություն էր հայտնել ԶՈՒ շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման հետ կապված:
«Այդ մտահոգություններին վերաբերում եմ հետևյալ կերպ, որ Գլխավոր շտաբի պետը իր գործունեությամբ պետք է փարատի բոլոր մտահոգությունները»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե Մովսես Հակոբյանի նշանակումը մեկ այլ պաշտոնի նույնպես միանշանակ չընդունվեց, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ շատ քիչ նշանակումներ կան, որ միանշանակ են ընդունվում:
«Կարծում եմ` մեզ համար կարևոր են ոչ թե նշանակումները, այլ այն գործունեությունը, որ տվյալ պաշտոնյաները պիտի վարեն այդ աշխատանքի ընթացքում: Այսինքն այդ հնարավորությունը պետք է տալ, եթե որևէ մեկի աշխատանքը բավարար արդյունքների չի բերի դրան կհետևեն այլ որոշումներ»,- հավելեց նա: