Ո՞րն է արևային էներգետիկայի ոլորտում թիվ մեկ խնդիրը
Մինչև 2016-ի ավարտը այլընտրանքային էներգետիկն կազմում էր մինչև 1 տոկոս, մինչդեռ այսօր արդեն տրամադրվել են 11 լիցենզիաներ: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում էներգետիկ համակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցության հարցապնդման քննարկման ժամանակ նշել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Նրա խոսքով, 2016-ի վերջին և 2017-ի սկզբին արևային էներգետիկայի վերաբերյալ հայեցակարգ ընդունվեց. «Այսօր արդեն տրամադրված են 11 լիցենզիաներ մինչև մեկ մգվտ հզորության կայաններ կառուցելու համար: Դրանցից երեքը արդեն կառուցված են 2017-ի դեկտեմբերի դրությամբ, մյուսները կառուցվում են»:
Նախարարը նշեց, որ այս ոլորտում կարևորագույն խնդիրն այն է, թե ինչպես կուտակել արևային էներգիան. «Կուտակիչներ կառուցելը թիվ մեկ խնդիրն է, որ հասկանանք արևային էներգիան զարգացնենք կուտակիչներով, թե կուտակիչները կառուցել երկրի տարածքում մի քանի հատ՝ ընդհանուր կուտակման համար:
Դրա համար հիմա պիլոտային ծրագրով կառուցվում է մեկ կուտակիչ, որի երեք ամսվա աշխատանքի արդյունքում այդ հարցի պատասխանը կտրվի»:
Աշոտ մանուկյանը տեղեկացրեց, որ հիդրոկայանների կառուցումով հիդրո էներգիայի բաժինը կհասցնեն 40 տոկոսի, միջուկայինը՝ 40-42 տոկոսի: «Կմնա 18 տոկոս: Այ այդ 18 տոկոսը կլինի թիրախ արևային և հողմային էներգիայի համար: Այսպիսով առաջիկա 10 տարիներին կձգտենք հրաժարվել գազային կայաններից»,-ընդգծեց նա: