Շախմատի ԵԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը՝ միանձնյա առաջատար
Բաթումում երեկ տեղի ունեցավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրը: Հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարի առաջատարների խմբում ընթացող մասնակիցներից միայն Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Հովհաննիսյանը կարողացավ հաղթանակ տոնել: Հովհաննիսյանը հաղթեց մեկ այլ հայ շախմատիստի՝ Հրանտ Մելքումյանին և այս հաղթանակի շնորհիվ իր ակտիվում 4 հնարավորից գրանցեց 4 միավոր: Նա միանձնյա գլխավորում է աղյուսակը:
13 շախմատիստ, որոնց թվում է Հայկ Մարտիրոսյանը, 3.5-ական միավորով հետապնդում են առաջատարին:
Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը վաստակել են 3-ական միավոր: Մրցաշարում հերթական հաճելի անակնկալը գրանցեց պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով ոչ-ոքի խաղաց Ուկրաինան ներկայացնող միջազգային վարպետ Վասիլի Կորչմարի հետ:
Այսօր կկայանան 5-րդ տուրի պարտիաները: