ԱԺ-ն մերժեց «Մարտի 1-ի» վերաբերյալ «Ելքի» հայտարարությունը
ԱԺ-ում քվեարկության ներկայացվեց «2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ «Ելքի» խմբակցության հեղինակած հայտարարությունը:
Վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նշեց, թե իրենք կիսում է 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը:
«Բայց ելնելով ներկայացված նախագծի տառացի մեկնաբանությունից, որտեղ իրավապահ մարմիններին ԱԺ-ի կողմից ուղղված պահանջ կա՝ որոշակի դատավարական գործողություններ կատարել որոշակի ժամկետում, տեսնում ենք Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ, ուստի չենք մասնակցի քվեարկությանը»,-ասաց նա:
Վարման կարգով խոսեց նաև ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով նշեց, թե պետք է փաստել, որ ընդդիմադիրները համակերպվեցին, որ ԱԺ հայտարարության նախագծի բովանդակության հետ կապված իրենց մտահոգությունները չեն փարատվում:
Կոստանյանը խոսեց նաև ձայնագրությունների մասին, որոնք պատկերում են, թե ինչպես են ցուցարարները կրակ բացում մեքենաների հետևից. «Բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է Քոչարյանը՝ որպես երկրի նախագահ, քրեական գործում կան, քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք՝ անկախ մարտահրավերներից ո՛չ Դուք ունեք պարոն Փաշինյան, ո՛չ ես, ոչ էլ որևէ մեկը այստեղ նստածներից: Դրանք քրեական գործի մաս են, և դրանցով քննությունն իրանակացվում»,-ասաց նա:
Հայտարարության նախագիծը դրվեց քվեարկության, կողմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Այն մերժվեց 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ ձայներով: