ՀՀ-ում բարձրագույն կրթական ոլորտը տարեկան ստանում է այնքան, որքան ամերիկյան բուհերից մեկի ֆակուլտետը. նախարար
Հայաստանում բարձրագույն կրթական ոլորտը տարեկան ստանում է այնքան ֆինանսավորում, որքան ասենք ամերիկյան առաջավոր բուհերից մեկի ֆակուլտետը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, նոր օրինագիծը դոգմատիկ փաստաթուղթ չէ, այն հնարավոր է ենթարկվի փոփոխությունների, բայց մինչև այդ հարկավոր է քննարկել՝ անհրաժե՞շտ է բարձրագույն կրթության մասին օրենք ունենալ, ինչպիսի՞ խնդիրներ պետք է լուծի այս օրենքը:
«Եթե այս օրենքով փորձելու ենք հասարակությանը համոզել, որ բարձրագույն կրթության ոլորտում եղած բոլոր հիմնախնդիրները այս օրենքով լուծվելու են, դա, բնականաբար, ճանապարհ չէ: Օրենքը նախ չպետք է խոչընդոտի զարգացմանը: Հայաստանում չպետք է խոչընդոտվի որևէ առողջ նախաձեռնություն, որևէ զարգացման միտում ունեցող ծրագիր այն պատճառաբանությամբ, որ օրենքը թույլ չի տալիս: Օրենքը պետք է կանաչ լույս բացի մեր երկրի առջև կանգնած լուրջ ճանապարհ անցնելուն»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի բնակչության 51 տոկոսը ներգրավված է բարձրագույն կրթական համակարգում, ինչը մեր երկրի համար նորմալ է, Հայաստանը այս առումով եվրոպական սսանդղակի ներքևի հատվածում է:
«Հայաստանում բարձրագույն կրթական ոլորտը տարեկան ստանում է այնքան ֆինանսավորում, որքան ասենք ամերիկյան առաջավոր բուհերից մեկի ֆակուլտետը: Այս պայմաններում մեր համակարգը կարողանում է կատարել իր առջև դրված խնդիրը և պահպանել կրթական համակարգի հիմնական ուղենիշները: Խնդիրն այն է, որ աշխարհում արագ փոփոխություններ են ընթանում և ամենամեծ մարտահրավերը դնում են բարձրագույն կրթության և գիտության հատվածի վրա: Այն մասնագիտությունները, որոնք այսօր դասավանդվում են, 4-5 տարի հետո կարող են գոյություն չունենալ:
Մենք այս օրենքի նախագծով ոչ միայն պետք է պայմաններ ստեղծենք այսօրվա համակարգի զարգացման համար, այլ նայենք առնվազն չորս-հինգ տարվա կտրվածքով՝ հասկանալով, որ այս օրենքը իրավունք չունի խոչնդոտելու սրընթաց զարգացումներին, որոնք կլինեն նաև Հայաստանում»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը: