Պարզվեց կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, դրա համար կարագը թանկացավ. Արթուր Ջավադյանի մեկնաբանությունը
Հայաստանում սննդամթերքի տեսակարար կշիռը սպառողական զամբյուղում կազմում է 41 տոկոս, մինչդեռ Վրաստանում 30 տոկոս է, իսկ զարգացած երկրներում այն չի անցնում 15 տոկոսից, ԱՄՆ-ում, օրինակ 10-11 տոկոս է: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում առանձին ապրանքատեսակների գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով, Հայաստանում սպառողական զամբյուղում մեծությամբ առաջին 4 ծախսերն են՝ սննդամթերքը, կոմունալ ծառայությունների վճարները, առողջապահությունը և տրանսպորտը, որոնց հանրագումարը կազմում է ընդհանուր ծախսերի 74 տոկոսը. «Վրաստանում առաջին 4 ապրանքների ու ծառայությունների ծախսերի հանրագումարը 60 տոկոս է, Ռուսաստանում՝ 65 տոկոս: Այսինքն այդ 4 խումբ ապրանքների ու ծառայությունների թանկացումը մեզ մոտ ավելի բարձր գնաճի է հանգեցնում, քան հարևան երկրներում»,-ընդգծեց Արթուր Ջավադյանը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ փաշինյանը նկատեց, որ թեև նշվում է, որ 2017-ին գնաճը կազմել է 2,6 տոկոս, սակայն օրինակ, կարագի գինն աճել է 48 տոկոսով, խոզի բուդը՝ 31 տոկոսով, խոզի միսը 36 տոկոսով, խոզի միսը՝ 36 տոկոսով, կարտոֆիլը 28 տոկոսով: Մինչդեռ գնանկում է գրանցվել ավելի էժան ապրանքների դեպքում՝ խառը կանաչի (48 տոկոս), խն4որ (30 տոկոս), սխտոր (22,2 տոկոս), հնդկացորեն (21, 9 տոկոս), կանաչ սոխ (18,2 տոկոս):
«Եթե այս ամենի արդյունքում ստացել եք 2.6 տոկոս գնաճ, ճի՞շտ եմ հասկանում, որ այս պայմաններում ամսական 200 հազար դրամ աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացու ամսական ծախսի տարբերությունը պետք է կազմի 5000 դրամ։ Այսպե՞ս է մեթոդաբանությունը»,-հարց ուղղեց Փաշինյանը:
Ի պատասխան, ԿԲ նախագահն ասաց, թե մեթոդաբանությունը Ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանությունն է. «Չեմ կարծում, որ մեր մոտ գնաճի հաշվառումը այլ հիմքերով է կատարվում, քան ցանկացած այլ երկրում։ Ինչ վերաբերում է ապրանքատեսակներին, որը Դուք նշեցիք, ապա կարագի համար առանձին ուսումնասիրություն կատարվել է և դեռ մայիս-հունիս ամիսներին ԱՀԿ-ի և մի քանի այլ հեղինակավոր ինստիտուտների կողմից հրապարակվել է մի քանի զեկույց, որ այն վնասակարությունը, որի մասին խոսվում էր կարագի մասով՝ խոլեստերին և այլն, այդքան էլ ճիշտ չի գնահատվել։ Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակը՝ կարագն օգտակար է, ձեթի օգտագործումը կանցերոգեն բնույթ է կրում և կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը։ Դրա հաշվին կտրուկ ավելացավ կարագի սպառումը և պահանջարկը, մի շարք երկրներում կարագի դեֆիցիտ եղավ», -հայտարարեց Ջավադյանը՝ հավելելով, որ հենց այդ դեֆիցիտի հաշվին էլ գները կտրուկ բարձրացան։