Անասնակերն ամբողջությամբ այրվել է. մարզպետարանը կօգնի՞ քաղաքացուն
Հովիտցի Ոսկանյանների տան բակում իրար վրա շարված անասնակերն այրվել է ամբողջությամբ: 1000 հատ հակը մոխրի է վերածվել:
«Երեկ մեր Վանիկի տղու հասնիքն էր, իրանք էլ Գյումրի էին, Ոսկե բլուրում: Ժամը յոթն էր հրդեհն եղավ, մինչև զանգեցինք իրանց, եկան, պաժառնին էլ եկավ, հեչ մե հատմ տուկ չմնաց»,-պատմեց Հովիտի վարչական ղեկավար՝ Ավետիք Սերոպյանը:
«Սոցիալապես անապահով ընտանիք են»,-ասում է վարչական ղեկավարը: Թե ինչպես կարող էր բաց տարածքում դարսված անասնակերն այրվել, Ավետիք Սերոպյանը չի պատկերացնում: Տան դիմաց գտնվող տնամերձում են դրանք շարված եղել:
«Ես մոտավոր մեկ միլիոն դրամի վնաս եմ կրել, հիմա ում գուզեք, հարցրեք, մի տուկը 1200-ից 1300 »,դրամ կծախեն, հեչ չեմ էլ պատկերացնե, թե ինչ ենեմ, էդ տուկերն ախր համ բաց հողին էր շարած, համ էլ վրեն էր բաց, փակ էլ չէր ու խոնավոտ էր»,-մոլորված ասում է Վանիկ Ոսկանյանը:
Հովիտի վարչական ղեկավարը զրույցում նշեց, որ վաղը դիմում-խնդրանքով կդիմի Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին և կխնդրի ֆինանսական աջակցություն տրամադրել: Այս պահին Հովիտը գյուղացու կողքին կանգնելու հնարավորություն չունի: