Աղվան Հովսեփյանի հրամանով պարգևատրվել են քննիչները (լուսանկարներ)
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և ժամանակին կատարելու համար։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ա. Հովսեփյանի հրամաններով պարգևատրվել են Աբովյանի քննչական բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ Հրաչյա Ղազարյանը (Վաստակի համար մեդալով/։ Նույն բաժնի պետի տեղակալ, Արդարադատության կապիտան Արմեն Խաչատրյանը պարգևատրվել է «Լավագույն քննիչ» կրծքանշանով։ «Լավագույն քննիչ» կրծքանշանով է պարգևատրվել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, Արդարադատության կապիտան Լիաննա Հակոբյանը։
Քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանի կողմից պարգևատրումները նշված անձանց հանձնել է Հայաստանի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Կոտայքի մարզային քննչական վարչությունն ու նրա ենթակայության տակ գտնվող քննչական բաժինները վերջին տարիներին բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ են բացահայտել և գրեթե բոլոր գործերը, որոնք ուղարկվել են դատարաններ, եղել են հիմնավորված և փաստարկված։