Ի՞նչու կրկին թանկացավ կարագը. ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը
Նախորդ մեկ ամսվա կտրվածքով կարագի գինը համեմատաբար կայուն է. սկսած հոկտեմբերի կեսերից գնային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը՝ անդրադառնալով կարագի գների բարձրացմանը:
Նրա խոսքով, ամռան ամիսներին, պայմանավորված Նոր Զելանդական կարագի միջազգային գնի էական բարձրացմամբ (2016 թվականի հուլիսին 1 տոննա նորզելանդական կարագի վաճառքի գինը կազմել է 2 758 դոլար, իսկ 2017 թվականի հուլիսին այն կազմել է 5 890 դոլար) գնային բարձրացումներ են արձանագրվել նաև տեղական շուկայում, ինչի հետ կապված Հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքները եղել են հրապարակային:
«Մեկ կգ նորզելանդական կարագի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի օգոստոս-սեպտեմբերին (հաշվի առնելով ժամանակային լագը) կազմել է մոտ 3000 դրամ, իսկ 2017 թվականի օգոստոս-սեպտեմբերից սկսած 1 կիլոգրամի գինը հասել է 4500 դրամի: Սակայն ուզում եմ շեշտել, որ խոսքը վերաբերում է բացառապես Նոր զելանդական կարագին, քանի որ շուկայում առկա է նաև ավելի ցածր գնային սահմանում գտնվող կարագի տեսակներ»,-ասաց Գայանե Սահակյանը:
«Նոր գնային բարձրացման վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները հիմնավոր չեն»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝ այստեղ.