Երևանում դիմակավորված անձինք կողոպուտի են ենթարկել «Հայփոստ»-ի աշխատակցին՝ հափշտակելով կես միլիոն դրամ
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 2/2 հասցեի մոտ 2 հոգի դիմակավորված հարձակվել են Արցախի փողոցի բնակիչ, 58-ամյա Զոյա Ավագյանի վրա և քաշել- պոկելու միջոցով բացահայտ հափշտակել են պայուսակը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ իրենց սև գործն անելուց հետո դիմել են փախուստի: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:
Տեղում աշխատել են նաև շնավարժն ու փորձաքրեագետը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածը աշխատում է «Հայփոստ-53» ՓԲԸ-ում՝ որպես փստատար, հափշտակված պայուսակում էլ եղել է մոտ 510 հազար դրամ:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Խաչատրյանի կողմից կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ: