Ձվի շուկայում աժիոտաժի որևէ հիմք չկա. ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը ձվի գների աճի վերաբերյալ
Ձվի շուկայում իրականացրած երկօրյա մոնիթորինգի արդյունքում արձանագրել է, որ դեֆիցիտի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները անհիմն են:
Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը՝ մեկնաբանելով ձվի շուկայում գների բարձրացումը:
Նրա խոսքով, այս պահին մայրաքաղաքի սուպերմարկետներում նման խնդիր գոյություն չունի, այդ ապրանքատեսակը վաճառվում է նույն ծավալներով ինչ նախկինում. «Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա պետք է նշեմ, որ ձուն դասվում է այն ապրանքների շարքին, որոնց գնագոյացումը էապես պայմանավորված է սեզոնայնությամբ: Տարվա այս ժամանակահատվածում, մի շարք հանգամանքներով, այդ թվում նաև պահանջարկի էական ավելացմամբ պայմանավորված՝ նկատվում են գնային որոշակի տատանումներ: Մեր մոնիթորինգի համաձայն, այս պահին ձվի վաճառքի գինը տատանվում է միջինում 65-70 դրամի սահմաններում:
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի այս ժամանակահատվածում այն եղել է 63-67 դրամի սահմանում: Ընդհանուր առմամբ, նախորդ ամիսների համեմատությամբ, գնային փոփոխությունը եղել է 2-3 դրամի սահմաններում»:
Գայանե Սահակյանը նաև նշեց, որ պահանջարկի ավելացմանը զուգահեռ, սովորաբար տարվա այս ժամանակահատվածում հիմնականում իրականացվում են ներկրումներ. «Հանձնաժողովը ակնկալում է, որ նոր խմբաքանակների ներկրմանը զուգահեռ, լիարժեք կբավարարվի պահանջարկը և գնային փոփոխությունների խնդիր չի առաջանա»:
Նրա խոսքով, տվյալ ապրանքը վաճառվում է տարբեր տեսակներով, տարբեր ընկերությունների արտադրության, ընդ որում ինչպես տեղական, այնպես էլ ներկրված, տարբեր որակական հատկանիշներով (էկո, բիո և այլն), ինչն էլ ևս կարող է գնի ձևավորման վրա որոշակի ազդեցություն ունենալ. «Քանի որ այս շուկայում առկա են գերիշխող տնտեսվարողներ, ապա, Հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում՝ հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով»: