Տարոն Մարգարյանն ու իր տեղակալները կստանան 13-րդ աշխատավարձ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ անցած տարեվերջին` Ամանորի նախաշեմին, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակազմին, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ է հատկացվել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր քաղաքապետարան և հետաքրքրվել` այս տարի 13-րդ աշխատավարձի հատկացում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ:
Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են. «Ղեկավարվելով Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1 մասի բ) կետով` յուրաքանչյուր տարի (տարեկան 1 անգամ) ծառայողական պարտականությունները պատշաճ և որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում է միանվագ դրամական պարգևատրում` 1 ամսվա աշխատավարձի չափով: Բացառություն են կազմում այն աշխատակիցները, որոնց նկատմամբ տվյալ տարվա ընթացքում կիրառվել է կարգապահական տույժ, և այն պարգևատրման ժամանակահատվածում դեռևս գտնվել է ուժի մեջ»։
Ասել է թե` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու իր տեղակալները ևս կստանան 13-րդ աշխատավարձ: Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում ԱԺ աշխատակազմի շրջանում լուրեր են շրջանառվում, որ այս տարի իրենք չեն ստանալու 13-րդ աշխատավարձ: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին ԱԺ-ին հարցում էր ուղարկել, բայց Հանրային կապերի վարչությունը, սովորության համաձայն, ձգձգում է պատասխանի տրամադրումը: Չնայած չի բացառվում, որ ԱԺ նոր ղեկավարությունն այս տարի, այնուամենայնիվ, հատկացնի 13-րդ աշխատավարձը, որպեսզի հենց սկզբից «վատամարդ դուրս չգա»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: