Պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են Ներսես Պողոսյանին
ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այսօր կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Ներսես Պողոսյանին։
Այցի ընթացքում արձանագրվել է, որ Ն. Պողոսյանը պահվում է նույն խցում,
որտեղ պահվում էր մինչև հացադուլ հայտարարելը:
Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է նաև, որ հարևան խուց է
տեղափոխվել դատապարտյալ, ով անընդմեջ բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցնում
խցերում պահվող բոլոր անձանց հասցեին:
Խնդիրն անմիջապես քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ,
ինչի արդյունքում նշված դատապարտյալը տեղափոխվել է այլ խուց:
Ն. Պողոսյանը կրկին նշել է առողջական խնդիրների մասին՝ գլխացավեր, ճնշման
տատանումներ, ոտքերի այտուցվածություն, ինչպես նաև ցավեր ստամոքսի և
երիկամների շրջանում:
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են նաև Ն. Պողոսյանի վերաբերյալ
բժշկական փաստաթղթերն ու նրա պահման պայմանները:
Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է փաստաբան Ա.
Պապիկյանի հետ: