Կարեն Կարապետյանը անտառահատներին ասում է OK
ՀՀ կառավարության երեկվա նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է ապօրինի ծառահատումների խնդրին: Վարչապետը նշել է, որ առաջիկայում անտառների կառավարման և պահպանման արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների լուծման նպատակով տրված իր հանձնարարականի հիման վրա հայեցակարգ կներկայացվի կառավարության աշխատակազմ: Եթե հակիրճ ձևակերպենք, վարչապետը կարծում է, որ հաշվի առնելով շուկայի ռեալ ծավալները և ստվերը, պետք է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում բարեփոխումներ կատարեն, տրամաբանության չափով օրինականացնեն անտառահատումները, իսկ ֆինանսական միջոցներն ուղղեն «Հայանտառ» ՊՈԱԿ, որպեսզի վերջիններս պատրաստված լինեն գույքով, բոլոր անհրաժեշտ գործիքներով, որով էլ հսկողությունը հստակ և կոշտ դարձնեն:
Կարեն Կարապետյանը փաստորեն առաջարկում է օրինականացնել քրեորեն պատժելի արարքը` ծառահատումները: Սա, ըստ էության, սկանդալային հայտարարություն է, որը ցանկացած պարագայում հետաքննության նյութ պետք է դառնա լրատվամիջոցների համար, էլ չենք ասում այն մասին, որ խորհրդարանը պարտավոր է Կարապետյանից հաշիվ պահանջել հանձնարարականի վերաբերյալ:
Եթե Կարեն Կարապետյանը նպատակ ունի օրինականացնել ապօրինի ծառահատումները, ապա հիմքեր ունենք մտածելու, որ նա հովանավորում է անտառի, մեր հասարակության առողջության հաշվին գերշահույթներ դիզող օլիգարխիային: Համենայնդեպս, Կարեն Կարապետյանի երեկվա հանձնարարականն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում` նախ այն պատճառով, որ հակասում է Հայաստանի օրենսդրությանը:
Եթե նույնիսկ Կարեն Կարապետյանը բիզնես շահեր չունի, նա խրախուսում է քաղաքացիների կողմից ապօրինի ծառահատումները, միայն թե` վերջիններս չաղմկեն, չբողոքեն, կառավարությունից չպահանջեն աշխատանք և բարեկեցիկ կյանք: Սա այն դեպքն է, երբ իշխանությունները մտածված հասարակությանը շղթայում են` նրան մասնակից դարձնելով ապօրինի գործողության: Երբ իշխանություններն ու հասարակությունն իրար հետ կապված են հանցագործության շղթայով, ապա ձևավորվում է կոնսենսուս, որը երկիրը կանգնեցնում է ինստիտուցիոնալ ճգնաժամի անդունդին:
Ապօրինի ծառահատումներին վերաբերող Կարեն Կարապետյանի վերջին հանձնարարականը բացահայտում է նրա արժեքային համակարգը, որը խարսխված է քրեական և կոռուպցիոն մտածողության վրա: