Խոշոր ավտովթար Զովունի գյուղում. բախվել են Mercedes-ն ու Toyota Land Cruiser Prado-ն, վերջինն էլ տապալել է բետոնե էլեկտրասյունը, կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են Միհրան Հարությունյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 777 ՕԼ 73 համարանիշի և Գևորգ Հայրապետյանի վարած Mercedes E320 մակնիշի 91 AA 09 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ, ովքեր քաղաքացիների օգնությամբ պատգարակով վիրավորներին տեղափոխել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է, ինչի պատճառով էլ «Հայէլեկտրոցանց» ընկերության ներկայացուցիչները ժամանակավորապես հոսանքազրկել են տարածքը։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։