Տավուշի մարզում կովերն ականապատ դաշտում են արածում
ArmLur.am-ը գրում է. Տավուշի մարզում արդեն մի քանի ամիս խիստ երաշտ է: Անձրևներ չեն տեղում, բարկ արևից անտառներում ծառերի կատարները կարմրել են, դաշտերը խանձվել են, բուսականությունը՝ չորացել, աղբյուրների ջուրը նվազել է: Երկարատև երաշտի պատճառով Տավուշի մարզի շատ բնակավայրերում խմելու ջրի մեծ պակաս է զգացվում:
Արոտավայրերի խոտը չորացել է, անասունները կանաչ խոտ արածելու համար մտնում են անտառի խորքերը կամ գետափնյա կանաչ տարածքներ: Վիճակը բարդանում է այնքանով, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտու արոտավայրերը հրդեհվել են, խոշոր և մանր եղջերավոր անասուններն այնտեղ արածել չեն կարող: Անասունները կեր հայթայթելու համար երբեմն վտանգավոր գոտիներ են մտնում:
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սահմանագոտում՝ համանուն գետի ափին, Ոսկեպարի բնակիչ Մանվել Ալավերդյանի 4 խոշոր եղջերավոր անասունը հայտնվել է ականապատ գոտում: Կենդանիները կարողացել են դուրս գալ ականապատ տարածքից, սակայն կովերից մեկը պայթել է ականի վրա: Հետո վիրավոր անասունը մի կերպ դուրս է եկել սահմանամերձ, ականապատ գոտուց: Վիրավոր կովը տիրոջ կողմից հարկադիր մորթի է ենթարկվել, ինչը թույլ է տվել մեղմել ոսկեպարցի ընտանիքի կրած վնասը:
Մանրամասները՝ այստեղ: