Կապանում անչափահասին վրաերթի ենթարկելու գործը դատարանում է. մեղադրյալը դատավորի եղբոր որդի է
Կապանում՝ հուլիսի 21-ին 8-ամյա երեխային վրաերթի ենթարկելու գործն արդեն դատարանում է: Նշենք, որ անչափահասին վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվում է Սյունիքի մարզի դատավորներից մեկի եղբոր որդին՝ Նարեկ Օհանյանը:
Դատական տեղեկատվական համակարգում նշվում է, որ Նարեկ Օհանյանը, գտնվելով թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով «Լեքսուս GX 470» մակնշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի մասն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ հատող անչափահաս աղջկան, ինչի հետևանքով աղջիկը ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել է:
Բացի այդ, Նարեկ Օհանյանը դեպքի մասին իրավապահ մարմիններին հայտնելու և նրանց ներկայանալուն սպասելու փոխարեն դիտավորությամբ թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և իր ավտոմեքենայով դեպքի վայրից փախուստի է դիմել:
Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով:
Օհանյանը կալանքի տակ է: