Պայմանագրային զինծառայողը «Օդնոկլասսնիկի»-ով աղջկա հետ է ծանոթացել և նրա անունով բնակարան գնելու պատրվակով ոսկի ու գումար է հափշտակել
ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն «Օդնոկլասսնիկի» սոցցանցի միջոցով ծանոթացել է Կոտայքի մարզի բնակչուհու հետ, ամուսնանալու սուտ խոստումներ է տվել և նրա անունով բնակարան գնելու պատրվակով ոսկի ու գումար է հափշտակել:
ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային Ռուբեն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի հունվարին «Օդնոկլասսնիկի» էլեկտրոնային կայքէջի միջոցով ծանոթանալով Կոտայքի մարզի Բուժական գյուղի բնակիչ Լ. Դ.-ի հետ և խարդախությամբ նրանից խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վերջինիս վստահությունը չարաշահելու նպատակով, շփման ընթացքում ունեցել է պարբերաբար հեռախոսազրույցներ:
Այդ ընթացքում Լ.Դ.-ին ամուսնանալու սուտ խոստումներ է տվել և ստեղծել մտերմիկ հարաբերություններ: Նույն թվականի մարտի 1-ին, Բուժական գյուղում հանդիպել է Լ.Դ.-ին և բնակարան գնելու ու այն վերջինիս անունով ձևակերպելու պատրվակով՝ խաբեությամբ հափշտակել է 60.000 ՀՀ դրամ և ընդհանուր 555.000 ՀՀ դրամ արժողությամբ 42.33 գրամ քաշով 6 կտոր ոսկյա զարդեր:
Պայմանագրային զինծառայողը Լ.Դ.-ին պատճառել է խոշոր չափերով նյութական վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: