Եթե զենքի հետ անզգույշ վարվելուց զինվոր է զոհվում, դա չի նշանակում, որ զինվորների փոխհարաբերություններում ինչ-որ խնդիր կար. Մարգարիտա Խաչատրյան
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գնալով մեր բանակի կորուստների քանակն ավելանում է, բայց մենք մեր բանակը փնովելու իրավունք չունենք: Միջադեպեր քաղացիական կյանքում էլ են լինում: Փոխհարաբերություններ քաղաքացիական կյանքում էլ են պարզում, կրակոցներ են հնչում և սպանություններ են լինում»,-«ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ): Միևնույն ժամանակ, տիկին Մարգարիտայի խոսքով դա չի նշանակում, որ կարելի է արդարացնել այդ դեպքերը և որևէ կերպ մխիթարել որդեկորույս մայրերիս, իսկ մյուսներին հույս տալ, ասել, որ մեր բանակը շատ լավն է, ապահով է: «Ես չեմ կարող ասել, թե դեպքերն ինչու են աճում: Բայց Եթե դուք լինեք առաջին գծում, խրամատում, դուք կտեսնեք, որ մեր տղաները ծառայում են կրակի տակ: Նենգ ու դարանակալված թշնամին ոչ մի վայրկյան հանգիստ չի տալիս»,-ասաց նա: Բայց մտահոգիչ է հատկապես ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը՝ նկատեցինք. «խրամատում ոչ մարտական հարաբերություններ ասվածը չկա: Եթե դեպքը տեղի է ունենում մարտական դիրքում, եթե զենքի անզգույշ վարվելուց զինվոր է զոհվում, դա չի նշանակում, որ նրանց փոխհարաբերություններում ինչ-որ խնդիր կա: Կա պահ, որ զինվորը փորձում է զենքը լիցքավորի, որ հակառակորդին զսպի, բայց անզգույշ վարվելուց գնդակը դիպում է իրեն կամ ընկերոջը: Թե չէ մեր տղաները հզոր են, կայացած:
Ինքնասպանության վարկածը, հոդվածը մեր զինվորների վրայով չի: Մեր զինվորները չեն կարող ինքնասպան լինել»,-ասաց տիկին Մարգարիտան: Այդ դեպքում ինչու է բանակում սպանությունների մեծ մասը որակվում որպես ինքնասպանություն, ինքնասպանության հոդվածով քրեական գործերը հարուցվում են և ժամանակ անց դրանք հանցակազմի բացակայության հիմքով կարճվում Են, իսկ իրական մեղավորները մնում են անպատիժ՝ հարցրինք Մարգարիտա Խաչատրյանից. «Ինքնասպանության հոդվածը դրվում է, որ պարզվի, թե ինչ է իրականում կատարվել: Վարկածը տալիս են ինքնասպանություն, և քննություն են տանում, որ պարզեն ինչ է եղել: ԶիՆվորհ կողքին մարդ չի եղել, որ ասի ինչ է եղել, ինչպես է զենքը կրակել»,֊ասաց մեր զրուցակիցը: Գուցե հենց կատարվածը ինքնասպանություն որակելն է պատճառը, որ իրականում դեպքերը չեն բացահայտվո՞ւմ՝ հարցրինք. «Միանշանակ: Եթե զինակից ընկերը, կողքին եղած զինվորը ցուցմունք չի տալիս, որ ասի ինչ է եղել իրականում, հնարավոր չի քրեական գործ բացահայտել»,-ասաց Խաչատրյանը»:
Մանրամասները` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։