Ուշագրավ տարրեր ՀՀԿ շուրջ նախընտրական սկանդալում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ շուրջ նախընտրական սկանդալն իր մեջ ուշագրավ տարրեր է պարունակում: Դպրոցների և մանկապարտեզների տնօրենների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ի համար մարդկանց ցուցակագրելուց հետո փաստաթղթերը ներկայացրել է մարզպետարաններ, քաղաքապետարաններ, գյուղապետարաններ և Երևանի թաղապետարաններ: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ օգտին ցուցակագրման այս ողջ գործընթացը կազմակերպված է եղել ոչ միայն այդ կուսակցության, այլև պետական կոնկրետ կառույցների կողմից՝ վերջիններիս ղեկավարների մասնակցությամբ և հանձնարարությամբ:
Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ընտրությունների նախաշեմին գործի է դրել վարչական ռեսուրսները՝ այն ծառայեցնելով սեփական շահերին: Այս ամենի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, սակայն վերջինս հարցը լսելուց անմիջապես հետո հայտարարեց. «Ես հիմա նախընտրական շտաբում եմ, խորհրդակցության եմ: Ձեր հարցերը գրավոր ուղարկե՛ք շտաբին»: Իսկ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխանցեց, որ ինքը խիստ զբաղված է եւ չի կարող պատասխանել մեր հարցերին: Դե, իհարկե»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: