Որ ես նեղանամ՝ կեթամ մեր տուն, ոչ մի տեղ չեմ էթա, հետո նեղանալս ո՞րն ա, մենք տղամարդ ենք. Սեյրան Սարոյան (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն անդրադառնալով այն հարցին, թե առաջադրվելու է արդյոք խորհրդարանական ընտրություններին, վերջինս նշեց, որ դա կուսակցությունը պետք է որոշի: «Եթե կուսակցությունը որոշում կայացնի...ազիզ ջան էսի խմբակային գործ ա, հո ես իմ գլխու չեմ գնամ, ասեմ...անհատական ա, էթամ 1 միլիոն մուծեմ…»,- ասաց նա:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելուն, Սեյրան Սարոյանը նշեց. «Ինքն ա որոշում, ամեն մարդ իր ճանապարհն ինքն ա որոշում՝ գնա, թե մնա»:
Ինչ վերաբերում է՝ արդյո՞ք ՀՀԿ-ն թուլացավ նախկին վարչապետի հեռանալով, գեներալը ասաց. «Եթե տունը 10 ախպեր ես, մի ախպերը գնաց՝ բնական ա, իհարկե, թուլանում ա»:
Այն հարցին, թե եթե չառաջադրի իրեն կուսակցությունը, արդյոք կնեղանա ինչպես Հովիկ Աբրահամյանը, գեներալը պատասխանեց. «Որ ես նեղանամ՝ կեթամ մեր տուն, ոչ մի տեղ չեմ էթա: Հետո նեղանալս ո՞րն ա, մենք տղամարդ ենք»:
Այն հարցին, թե ոնց է համոզելու ընտրողներին հենց հանրապետականին ձայն տալու համար, Սեյրան Սարոյանը նշեց, որ իր արած գործերով և նշեց. «Էդ դպրոցները, էդ ճանապարհները, բա էդ ի՞նչ ա: Գնացե՛ք, նայե՛ք, ժողովրդին հարցրեք»:
Դիտարկմանը, թե այդ ամենն արել եք որպես պատգամավոր, թե որպես Սեյրան Սարոյան, վերջինս նշեց. «Իհարկե պատգամավոր, Սեյրան Սարոյան, հա՜, հերս էլ վարչապետն ա կամ նախագահ»: