Սյունիքի մարզպետը ներկայացրել է Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն բժիշկ Սմբատ Օրբելյանն ազատվել է աշխատանքից, իսկ պաշտոնակատար նշանակվել էր Ռոմիկ Սարգսյանը:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը այսօր ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժանձնակազմին, անդրադարձել մի շարք խնդիրների, ինչպես նաև նշել է Կապանի բժշկական կենտրոնի տնօրենին ազատելու պատճառները: Մարզպետը նաև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանին, ով մինչ այդ հանդիսանում էր «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը:
Իր ելույթում Վահե Հակոբյանը վստահություն հայտնեց, որ Ռոմիկ Սարգսյանի մասնագիտական փորձն ու գիտելիքները կծառայեն բժշկական կենտրոնի զարգացման գործին: Բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Հակոբյանին վստահության համար՝ նշելով, որ ծանոթ է բուժանձնակազմին: Նա ասաց, որ ջանք չեն խնայի կարճ ժամանակում բուժհաստատությունում առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու համար:
Ելույթ ունեցավ նաև Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը: Նա հրաժեշտ տվեց անձնակազմին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար: