Ռուսաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը
ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳ նախարար Սեբասիան Կուրցը այն կարծիքն է հայտնել, որ ՌԴ-ն կարող է որոշիչ դեր կատարել մի շարք կոնֆլիկտների լուծման հարցում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Sputnik-ին:
«Ռուսաստանը կարող է որոշիչ դեր կատարել, որպեսզի կոնֆլիկտային հարցերում հնարավոր լինի հասնել հարցի խաղաղ կարգավորմանը»,-ասել է նա:
Նշվում է, որ Ավստրիայի ԱԳ նախարարը Մոսկվայում կանցկացնի բանակցություններ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ կողմերը քննարկելու են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, Սիրիայի խնդրի կարգավորումը, Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում, Մերձդնեստրում, Եմենում և Լիբիայում տիրող իրավիճակը։