Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992-ին 47-րդ նստաշրջանում հատուկ բանաձևով դեկտեմբերի 3-ը հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր և կոչ արել բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին գործակցել ու նշանավորել օրը, որի հիմնական խորհուրդը հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրում է հասարակության մեջ:
Մոլորակի բնակչության 15%-ը (ավելի քան 1 միլիարդ մարդ) հաշմանդամություն ունեցող անձինք են, ովքեր հանդիպում են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական և վերաբերմունքային խոչընդոտների, որոնք խանգարում են նրանց դառնալ հասարակության լիարժեք անդամ:
Հայաստանի Հանրապետությունը 2010-ին վավերացրել է ՄԱԿ-ի 2006-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը միանշանակորեն չի տալիս «հաշմանդամություն» բառի սահմանումը: «Հաշմանդամությունը» զարգացող հասկացություն է, քանի որ հասարակությունն ու հասարակական կարծիքը հաճախ են փոփոխություններ կրում: Այդ իսկ պատճառով կոնվենցիան չի պարտադրում սահմանված հասկացություն, այլ կիրառում է դինամիկ մոտեցում:
2014-ի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 195.925 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում հաշմանդամ երեխա 8.020 կամ 4.0% , 1-ին խումբ` 10.971 կամ 5.6%, 2-րդ խմբի` 85.500 կամ 43.6%, 3-րդ խմբի` 91.334 կամ 46.6%: Disabilityarmenia.am կայքի հաղորդմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 %-ը: Հաշմանդամություն ունեցող անձիք`աշխատունակ տարիքի (18-ից 63) կազմում են 65.2 %-ը, երիտասարդ տարիքի` (18-ից 40) կազմում են 13,9%, 40-ից 63 տարեկանկազմում են 51.3%, կենսաթոշակային տարիքի 30.6%: