Ապստամբելու իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրենսդիր մարմնի գործունեությունը մեն-մենակ տապալող, իշխող մեծամասնության համար կարմիր կտորի դեր ստանձնած Զարուհի Փոստանջյանը նախագիծ է ներկայացրել պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որով պահանջել է, որ ԱԺ-ն հայտարարություն ընդունի ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ:
Ըստ այդ նախագծի՝ խորհրդարանը համերաշխություն է հայտնում «Սասնա ծռերի» պահանջներին, դատապարտում է ժողովրդական ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնաճնշումները, պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր խղճի բանտարկյալներին և դադարեցնել քրեական հետապնդումը: Երեկ նա փորձել է պետաիրավականի վախվորած անձնակազմին համոզել, որ ապստամբության իրավունքը, որի նպատակն է պայքարը բռնապետության դեմ, ժողովրդավարական պետության իրավական համակարգի անբաժանելի մասն է, և առանց այդ իրավունքի ամրագրման հնարավոր չէ պաշտպանել մարդու իրավունքները:
«Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը մնում է արդիական, որքան Սերժ Սարգսյանը մնա և շարունակի պաշտոնավարել, որքան ՀՀԿ-ն մնա և շարունակի պաշտոնավարել, այնքան մնում ենք խոցելի»,- նիստի ժամանակ հայտարարել է Զ․ Փոստանջյանը՝ չափելով պատգամավորների համբերությունը։ Հանձնաժողովի անդամները միաձայն դեմ են քվեարկել այս նախագծին, իսկ նախագահն առաջարկել է Փոստանջյանին իր նախագիծը վերածել հայտարարության։
Ուշագրավ է, որ ԱԺ ընդդիմության ներկայացուցիչներից ոչ մեկը չէր ներկայացել նիստին։ Արդյոք արդարացվա՞ծ է այս գործելաոճը, որը որդեգրել է «Ժառանգության» պատգամավորը, արդյոք սա չի՞ անլրջացնում օրենսդիր մարմինն ինքնին, կհարցնեն ոմանք։
Սակայն, չգիտես ինչու, այդ հարցերը չեն տալիս Հանրապետականին, որը պատգամավորներին վերածել է կոճակ սեղմող և ԱԺ ամբիոնից ընդամենը թոթովախոս տեքստեր ընթերցողների բազմության»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: