Կառավարության նոր ծրագիրը թերի է և Հայաստանում դեռևս ռուսական КГБ-ն է գործում. Զարուհի Փոստանջյան
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Կառավարության նոր ծրագիրը թերի է, որովհետև բացակայում է ընտրական իրավունքի լիարժեք ամրագրումն ու ազգային անվտանգության նոր հայեցակարգի ստեղծումը:
Նրա պնդմամբ՝ ծրագրում պետք է Ընտրական օրենսդրության ազգայնացումն ամրագրվեր։
«Պետք է ընտրական տեղամասեր ստեղծվեն նաև Հայաստանի տարածքից դուրս, որպեսզի հայաշատ համայնքնեը ևս կարողանան մասնակցել ընտրություններին և իրենց պատգամավորներն ունենան խորհդարանում»,-ասաց նա։
Պատգամավորի համոզմամբ՝ նախորդ շաբաթվա երկու կարևոր իրադարձությունները՝ Կառավարության ծրագիրի ընդունումը և վարչապետի հարցազրույցն ընտրյալ ԶԼՄ-ներին, փաստեցին, որ ավտորիտար համակարգը շարունակում է մնալ և այն բաժանված է 13 տարածքային վարչական շրջանների միջև, որոնցից յուրաքանչյուրում տեղական օլիգարխներն կօգնեն իշխանություններին մնալ իշխանության:
«Ավտորիտար համակարգը շարունակում է մնալ, ուղղակի փորձ է արվում այն ատելությունը, որն ունի հանրությունը, մեղմել ինչ-որ չափով: Հայաստանում դեռևս ռուսական КГБ-ն է գործում»,- շեշտեց պատգամավորը:
Անդրադառնալով ազգային անվտանգության հայեցակարգի ստեղծմանը՝ պատգամավորն ընդգծեց, որ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ էր վերանայել անվտանգության որոշ դրույթներ, մինչդեռ քառօրյա պատերազմի վերաբերյալ ոչ մի գնահատական անգամ չի հնչեցվել։
«Մենք կարող էինք այս 6 ամիսներն օգտագործել այս ուղղությամբ, սա տեղի չի ունեցել»,- նկատեց պատգամավորը։