Ինչո՞ւ շարքային զինվորը Վազգեն Սարգսյանին թույլ չի տվել մեքենայով զորամաս մտնել
Վազգենի մասին շատ պատմություններ կան, որոնց մեծ մասը իմացել ենք ծառայության ժամանակ: Դրանցից մեկը այսօր պահի տակ հիշեցի:
Նախարար Վազգեն Սարգսյանն անձնական մեքենայով այցելում է զորմասերից մեկը՝ ստուգումների: Սովորաբար, երբ նախարարի մեքենան մոտենում է զորամասի պահակակետին, դռներն արդեն բաց են լինում, բայց այդ անգամ նախարարը ստիպված եղավ կանգնել դարպասների մոտ, քանի որ շտաբի հերթապահ զինվորը դռները չբացեց:
Զինվորը մոտեցավ նախարարի մեքենային և ներկայացավ: Վազգեն Սարգսյանը հարցրեց արդյոք զինվորը ճանաչում է իրեն: Հարցին դրական պատասխան ստանալուց հետո Վազգենը շարունակեց.
- Այդ դեպքում ինչո՞ւ դարպասները չես բացում:
- Պարո՛ն նախարար, եթե դուք լինեիք նախարարությանը պատկանող մեքենայով, ես դարպասները կբացեի, բայց գնդի հրամանատարի կողմից հրաման ունենք, որ ոչ մի քաղաքացիական մեքենա չպետք է մուտք գործի զորամասի տարածք:
Պատասխանը լսելուց հետո նախարարը մեքենան կանգնեցրեց զորամասին հարակից տարածքում և ոտքով ներս մտավ զորամաս: Ասում են, որ Վազգեն Սարգսյանն ավելի շատ տեղ էր տալիս զինվոր-հրամանատար հարաբերություններին և շատ էր հարգում հրամանատարի հրամանները անթերի կատարող զինվորներին, նույնիսկ եթե իրեն՝ քաղաքացիական մեքենայով, թույլ չէին տալիս զորամաս մտներ:
Աշոտ Ասատրյան. ֆեյսբուք;