Հաղթանակի կամուրջ. Երևանի դարպասը
Երևանի դարպասը, մայրաքաղաքի լավագույն ճարտարապետական համալիրներից մեկը, ռազմավարական տեսակետից եզակի կառույցը: Սրանք մի քանիսն են այն բնորոշումներից, որոնք տրվել են նրան:
Յոթ տասնամյակ առաջ` 1945 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մի քանի ամիս անց, Հրազդան գետի գեղատեսիլ կիրճում շահագործման հանձնվեց խորհրդանշական «Հաղթանակ» անվամբ կնքված մի կամուրջ, որի կառուցման պատմության շուրջ առ այսօր չասված եւ չպատմված բազմաթիվ իրողություններ են մնացել: Անցյալ դարի 40-ականների փաստաթղթերում «Большой Зангинский мост» կոչվող կամուրջը, իսկ ժողովրդի լեզվով` «Պաբեդա մոստը» դարձավ Երևանի խորհրդանիշներից մեկը:
Մոտ 180 մետր երկարություն ունեցող այս ինժեներական կառույցը ժամանակին Հրազդան գետի վրայի ամենամեծ կամուրջն էր: Տարիներ հետո արդեն «Հրազդանի մեծ կամուրջ» անվանումը տրվեց Կիևյան կամրջին: Դրանից հետո «մեծ» որոշիչը, մերթ մեկին, մերթ մյուսին վերագրվելով, շփոթության մեջ էր գցում անգամ մասնագետներին, խառնվում էին այդ կամուրջների հետ կապված հանգամանքները, փլուզման մանրամասները: Նրանցից շատերն այսօր էլ զարմանում են, որ փաստաթղթերում Հաղթանակի կամուրջը կոչվել է Զանգվի մեծ կամուրջ:
«ՃՇ» ամսագիր. ֆեյսբուք: