Հայկական կողմը պատրաստ է գործընկերների հետ ամենասերտ համագործակցությանը. Կարեն Կարապետյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը
Հարգելի՛ պետությունների ղեկավարներ,
Հարգելի Անդրեյ Վլադիմիրի, ընդունեք շնորհակալական խոսքերս հյուրընկալության և նիստի բարձր մակարդակով կազմակերպման համար:
Նեղ կազմով մենք այսօր արդեն քննարկել ենք ինտեգրացիոն օրակարգի մի շարք առանցքային հարցեր: Լիագումար նիստի առնչությամբ կնշեմ, որ հայկական կողմը հանդես է գալիս մինչև նիստը համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունման օգտին: Դրա հետ մեկտեղ կցանկանայի թեզիսային կարգով անդրադառնալ դրանցից որոշներին:
Կարծում եմ՝ մենք բոլորս հավասարապես կիսում ենք այն մոտեցումը, որ միջազգային համագործակցությունը, որն ընթանում է ԵԱՏՄ արտաքին առևտրային քաղաքականության ձևավորման, երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման հունով, առաջին հերթին կոչված է նպաստելու անդամ-պետությունների ազգային տնտեսությունների արդիականացմանը և նրանց մրցունակության մակարդակի բարձրացմանը:
Մենք ելնում ենք նրանից, որ միջազգային և բազմաձևաչափ փոխգործակցության ընդլայնումը պետք է հիմնված լինի իրական նախադրյալների վրա և կառուցվի՝ հաշվի առնելով երրորդ երկրների իրական պատրաստությունը փոխգործակցություն հաստատելու ինչպես ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ-պետության հետ առանձին, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության հետ:
Հարգելի՛ գործընկերներ,
Ի նկատի ունենալով անդամ-պետություններում տարբեր իրավական կարգավորումների առկայությունը, մենք լիովին կիսում ենք ԵԱՏՄ մաքսային տարածքում հետագծելիության մեխանիզմի ներդրման միջոցով ապրանքների շրջանառության օրինականության ապահովման վրա հիմնված մոտեցումը:
Տվյալ մեխանիզմը պետք է ներդրվի այդպիսի եղանակով, որ դրա գործարկումը հակասության մեջ չմտնի մեր միության հիմնասյուներից մեկի՝ ապրանքների տեղափոխման ազատության հետ: Ուստի մենք պատրաստ ենք ակտիվ փոխգործակցությանը պետությունների հետ՝ այդ կապակցությամբ առկա հարցերի քննարկման համար:
Կարծում, եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը թույլ կտան ինտեգրացիոն գործընթացներում էական առաջընթացի հասնել:
Հայկական կողմը պատրաստ է գործընկերների հետ ամենասերտ համագործակցությանը:
Շնորհակալություն ուշադրության համար: