Հունաստանն ընդդեմ Թուրքիայի. պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է սադրանքների մեջ
Թուրքիան ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ չի կարողացել խանգարել Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի գործողությունների շարունակությանը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսի հայտարարությանը, որում նա թուրքական կողմին մեղադրում էր սադրանքների և անկայունության մթնոլորտ ստեղծելու մեջ:
«Ես ուզում եմ շնորհավորել ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամ հույն զինվորականներին ու դիվանագետներին այն ջանքերի համար, որոնք նրանք գործադրել են Էգեյան ծովում ՆԱՏՕ–ի գործողությունների շարունակության համար՝ չնայած Թուրքիայի հակազդեցությանը»,,-հայտարարել է նա ժողովից հետո:
«Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը տարածաշրջանում բացի այն, որ արդյունավետ միջոց դառնա փախստականների հոսքը զսպելու համար, այլ նաև օգնի մեր դաշնակիցներին տեսնել Թուրքիայի սադրանքները, միջազգային նորմերի ոտնահարումներն ու դաշինքի երկու անդամների միջև անկայունություն ստեղծելու փորձերը»,-հայտարարել է հույն նախարարը և հավելել, որ հունական կողմի դիրքորոշումն ամբողջովին համապատասխանում է միջազգային նորմերին:
«Մենք՝ հույներս, պաշտպանում ենք մեր ազգային սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը: Դրա հետ միասին, Հունաստանը հանդիսանում է կայունացնող միջոց ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար, ինչպես նաև լավ հարաբերություններ հաստատում Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հետ»,- ասել է նա: