ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Բունդեսթագի պատգամավորի հետ քննարկվել է ԼՂ արցը (լուսանկարներ)
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանն ընդունել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելին:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ հայ խորհրդարանականները խոսել են երկկողմ զարգացող հարաբերություններից, բարձր են գնահատել բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը և ձևավորված սերտ համագործակցությունը, կարևորել են փոխայցերը: Նաև բարձր է գնահատվել գերմանացի գործընկերների հետ համագործակցությունը տարբեր խորհրդարանական հարթակներում:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից՝ Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային, ով ստանձնել է նախագահությունը ԵԱՀԿ-ում, հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար:
Անդրադառնալով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի գործունեությանը` Արտակ Զաքարյանը նշել է, որ կառույցն ակտիվ և տեսանելի գործունեություն է իրականացնում Հայաստանում՝ հատկապես ընդգծվել է երիտասարդության շրջանում իրականացվող աշխատանքների անհրաժեշտությունը: Հայ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հիմնադրամի նախաձեռնություններում և ծրագրերում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաև խորհրդարանական մակարդակում հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր և ծրագրեր: Նաև քննարկվել են նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի երկու խորհրդարանական պատվիրակությունների՝ Գերմանիա այցելություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության տարածքում ստեղծված իրավիճակին և խաղաղ կարգավորումների անհրաժեշտությանը:
Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, խոսելով երկկողմ կապերից, նշել է, որ Գերմանիան մեծ ջանքեր է գործադրում խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Պարոն Վայլերն իր ցավակցությունն է հայտնել տասնյոթ տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ:
Հանդիպման ավարտին հյուրերն Արտակ Զաքարյանի և Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել են ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, հարգել նրանց հիշատակը: