Երբեմն ասում են, որ անփոխարինելի մարդ չկա, բայց իմ խորհին համոզմամբ, և՛ սպարապետը, և՛ Կարեն Դեմիրճյանը անփոխարինելի էին. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ 17 տարի առաջ, 1999թ. հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։
Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հոկտեմբերի 27-ը մեր պետության ամենաողբերգական էջերից մեկն է: Զոհ գնացին մեր պետության օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները:
«Պետության առաջընթացը, բարոյահոգեբանական մթնոլորտը մի քանի տարով, միգուցե նաև տասնամյակով հետ կանգնեց, և դա ծանր կորուստ էր: Հիմնական դասը նա պետք է լինի, որ մենք հասկանաք այն, որ հայը հայի վրա զենք բարձրացնելու իրավունք չունի: Երբեմն ասում են, որ անփոխարինելի մարդ չկա, բայց իմ խորհին համոզմամբ, և՛ սպարապետը, և՛ Կարեն Դեմիրճյանը անփոխարինելի էին»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նրա պնդմամբ՝ այս ողբերգությունը շատ ծանր հարված էր և, դժբախտաբար, մենք դեռ դասեր չենք քաղել ամբողջությամբ:
«17 տարի անց հուլիսին, գրեթե նմանատիպ դեպք տեղի ունեցավ Երևանի կենտրոնում, երբ հայը սպանեց հայ ոստիկանին: Զենքով հարց լուծելը հակաքրիստոնեական, հակահայկական է: Մենք չպետք է հասնենք այդ ճանապարհին կամ գնանք այդ ճանապարհով և նաև չպետք է վախենանք ճշմարտությունն ասել: Եթե դա ահաբեկչություն է, ապա պետք է ասենք, որ ահաբեկչություն է, անկախ նրանից, դա ստահակ Հունանյանն է կատարել, նախկին ազատամարտիկ, թե մանկավարժ կամ մեկ ուրիշ և կապ չունի իշխանություն, թե ընդիմմություն»,- դիտարկեց ԱԺ փոխնախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: