17 տարի առաջ տեղի ունեցած ոճիրը խորհրդարանականներին առաջին պահին կատակ է թվացել. Գալուստ Սահակյան
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ բակում տեղադրված հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ 17 տարի առաջ խորհրդարանում տեղի ունեցած ոճիրը խորհրդարանականներին առաջին պահին կատակ է թվացել:
Նրա խոսքով՝ հետաքրքիրն այն էր, որ ամբողջ դահլիճն առաջին պահին մտածեց, որ հումոր են անում, այդպես էր, մի քանի րոպեում եղավ այն, ինչի մասին գիտեք:
«Ողբերգությունը հայոց պետության ու ազգի համար դաժան հարված էր: Ովքեր մասնակից էին ոճրագործությանը, բոլորն էլ կալանավորված են և կրում են իրենց պատիժը»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ 17 տարի առաջ, 1999թ. հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, վարչապետ, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, Արցախյան ազատամարտի հերոս, պատգամավոր Արմենակ Արմենակյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։