«Toyota»-ն շուրջ 6 մլն մեքենա է ետ կանչում
Ճապոնական «Toyota» մեքենաշինական գործարանը 5.8 միլիոն ավտոմեքենա է ետ կանչում ողջ աշխարհով մեկ՝ անվտանգության բարձիկի հետ կապված խնդրի պատճառով: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով BBC-ին:
Ընկերության մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ ետ կանչման են ենթակա 2000-2014 թվականներին արտադրված մեքենաները, այդ թվում՝ «Corolla» և «Yaris» մոդելները:
Սա առաջին դեպքը չէ, երբ ետ են կանչվում «Takata» ընկերության անվտանգության բարձիկներով համալրված ավտոմեքենաները: Նախկինում մի շարք մեքենաշինական ընկերություններ հայտնել էին, որ «Takata» անվտանգության բարձիկները կարող են ինքնաբերաբար բացվել շարժման ժամանակ:
Ավելի վաղ, «Toyota» մի քանի անգամ հայտարարել էր, որ արձագանքները շատ են մեքենաների խնդիրների հետ կապված: Դրանք հիմնականում առնչվում են մեքենաների արտադրության ժամանակ առկա սխալների և բացթողումների հետ: Հիմնականում խոսքը վերաբերվում էր հատկապես գազի հնարավոր արտահոսքին: