Իրաքյան զորքին հաջողվել է «ԻՊ»-ից ամբողջովին ազատագրել Ար-Ռուբա քաղաքը
Իրաքի Անբար նահանգում իրաքյան զորքերի կողմից իրականացվող ռազմական գործողության հրամանատար Իսմայիլ Ալ Մահլյաուին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի հետ համատեղ գործողությունների շնորհիվ նրանց հաջողվել է իրաքյան Ար-Ռուբա քաղաքն ամբողջությամբ մաքրել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Al Sumaria հեռուստաալիքին:
Նշվում է, որ իրաքյան ուժերը կարողացել են ոչնչացնել «ԻՊ»-ի շուրջ 40 գրոհայինի և խմբավորմանը պատկանող 14 մեքենա:
«Al Jazeera»-ն իր հերթին հայտնել է, որ «ԻՊ»-ի գրոհայինները քաղաքը լքելուց առաջ պայթեցրել են Ար-Ռուբայի վարչակազմի շենքը և սպանել վարչակազմի 5 աշխատակցի: