Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը համաներման հարցը քննարկելու է Սերժ Սարգսյանի հետ
Սեպտեմբերի 29-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով:
Նիստի ընթացքում որոշվել է, որ Հանրային խորհուրդը մի խումբ քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից ստացված գրավոր և բանավոր դիմումների հիման վրա, կդիմի ՀՀ նախագահին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ համաներում հայտարարելու վերաբերյալ:
Խորհրդի անդամները քննարկել են համաներում հայտարարելու անհրաժեշտությունը` այդ թվում և հուլիսյան դեպքերի հետ կապված:
Մասնավորապես, քննարկվել է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության, ոլորտի բարեփոխումներին ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանրային խորհուրդը համաներման հարցը քննարկել է նաև հասարակության շրջանում հատկապես հուլիսյան դեպքերից հետո առկա լարվածության թուլացման, հասարակական համերաշխության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից, որի պայմաններում կապահովվի նաև նոր կառավարության արդյունավետ գործունեությունը:
Հանրային խորհուրդը լիազորել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին համաներման վերաբերյալ խորհրդի անդամների արտահայտած տեսակետները, համաներման տարածման շրջանակների առումով հնչած երբեմն հակադիր կարծիքները քննարկել երկրի ղեկավարի հետ: