Մուշեղ Պետոյանի քույրը աշակերտներին ստիպել է քարոզչական բեմի պատրաստման աշխատանքներ տանել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արթիկի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողը մեզ հայտնեց է, որ դպրոցի տնօրեն Սուսաննա Պետոյանը դասաժամին դպրոցի աշակերտներին տարել է Արթիկի հրապարակ՝ օգնելու բեմի կառուցման աշխատանքներում, որտեղ պետք է համերգ տեղի ունենար:
Քարոզարշավի ավարտն ազդարարող համերգի կամակերպիչը ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մուշեղ Պետոյանն է՝ տնօրենի հորեղբորորդին: «Տիկին Պետոյանն անցնում է չափն ու սահմանը, հերիք չէ՝ աշակերտների ծնողներին ու ուսուցիչներին ստիպում է իր բարեկամին ընտրել, սպառնում է աշխատանքից ազատել, այժմ էլ երեխաներին դասերից է կտրում։
Հանուն ինչի՞»,-ասում էր ծնողը: Պարզաբանում ստանալու համար դիմեցինք տիկին Պետոյանին, որը կտրականապես հերքեց ահազանգն ու պահանջեց տալ ծնողի անունը: «Անունը տվեք, ա-նու-նը: Եթե չեք տալիս, նշանակում է՝ շանտաժ է»,-ասաց նա: Ապա հավաստիացրեց, որ 9-րդ դասարանի աշակերտների մոտ ինքը երկրորդ ժամով քիմիա է պարապել, և ոչ ոք դասաժամից դուրս այլ բանով չի զբաղվել:
Իսկ գուցե Ձեր դասաժամից հետո՞ են աշակերտներին տարել հրապարակ, առանց Ձեր գիտության՝ հարցին Պետոյանը խիստ տոնով հայտարարեց. «Բացառվում է, որ նման բան եղած լինի: Ոչ ոք չի կարող առանց իմ գիտության նման բան անել: Դպրոցում առանց իմ իմանալու ոչ մի բան տեղի չի ունենում»: Նա նաև ակնարկեց, թե նման սադրիչ և կեղծ ահազանգերը տարածում է դպրոցի նախկին տնօրենը: Թե հատկապես ով՝ խուսափեց որևէ անուն տալուց»:
Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: