Ամառը վերադառնում է Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ հոկտեմբեր ամսին սպասվող եղանակային փոփոխությունների մասին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լավ լուր. ամառը վերադառնում է Հայաստան: Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը 1-5-ն ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատած՝ աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով: Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30:
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների:
Իսկ հոկտեմբեր ամիսն ընդհանուր առմամբ կանխատեսվում է օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս, այսինքն՝ սպասում ենք ավելի չոր հոկտեմբեր, քան՝ սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում»: