Այո՛, ՀՀԿ-ն Վազգեն Սարգսյանի կառավարությունից սկսած մինչև օրս, բոլոր դրականի և բացթողումների տերն է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 28-ի, ԱԺ-ում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե կառավարությունը գրեթե ձևավորվել է, ինչ է լինելու Սեյրան Օհանյանի և Էդվարդ Նալբանդյանի ճակատագիրը, որտեղ են լինելու, վերանշանակվելու են թե ոչ, նա պատասխանեց. «Պարոն Նալբանդյանի և պարոն Օհանյանի վերանշանակման հարցը ձեր խոնարհ ծառան չի լուծում: Ըստ Սահմանադրության՝ դա վերապահված է հանրապետության նախագահին, և օրենքով սահմանված ժամկետներում նշանակումը կլինի: Ինչպես ասել եմ նախորդ շաբաթ գործադիր նիստի ժամանակ, այս շաբաթվա ընթացքում, մենք կունենանք ամբողջական կառավարություն և այլևս չենք ունենա պաշտոնակատարներ, այլ՝ կլինեն նախարարներ»:
Այն հարցին, թե նա կցանկանա կրկին տեսնել Սեյրան Օհանյանին այդ պաշտոնում, նա նշեց. «Ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ: Ես Սեյրան Օհանյանին էլ, Էդվարդ Նալբանդյանին էլ շատ դրական եմ գնահատում, նաև Տիգրան Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին»:
Մեկ այլ հարցի, որ նախարարների մի մասը անկուսակցական են և հնարավոր է նրանք ՀՀԿ-ին անդամակցեն, նա ասաց, որ ՀՀ-ի յուրաքանչյուր քաղաքացի ունի խղճի և մտքի ազատություն և նրանք՝ իրենք, կորոշեն անդամագրել ՀՀԿ-ին, թե ոչ:
Այն հարցին, թե քանի որ ՀՀԿ-ն պատասխանատվություն է ստանձնում բոլոր կառավարությունների համար, ստացվում է այնպես, որ նաև պատասխանատվություն է կրում երկրում առկա պրիմիտիվ գողության և խլվող բիզնեսների մասով, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նորանշանակ վարչապետը պետք է վարչապետ դառնար, ասեր, որ ես նոր արձագանքեի: Եթե Դուք ուշադիր հետևել եք գոնե վերջին տասը տարիների իմ հայտարարություններին, ապա ես փոփոխական քաղաքական գործիչ չեմ, ես շատ հստակ ամեն ինչ ասել եմ: Այո՛, ՀՀԿ-ն Վազգեն Սարգսյանի կառավարությունից սկսած մինչև օրս բոլոր դրականի և բացթողումների տերն է: Իսկ քաղաքական պատասխանատուն պետք է տարբերակել քրեական պատասխանատվությունից: Երբ որ ասում ենք քաղաքական պատասխանատու, դրա քննությունը հանձնվում է ընտրությունների ժամանակ, մենք պատասխանատու ենք, և այո՛, պարզ ու շիտակ ասում ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: