Վախթանգ Միրումյանը՝ ՊԵԿ-ի ձեռք բերած թանկարժեք բազմոցների և տնտեսության ներկա վատ վիճակի մասին (տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 28-ի, ԱԺ-ում ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ՊԵԿ-ը ձեռք է բերել թանկարժեք գույք, մասնավորապես՝ բազմոցներ, արդյոք դա չի վնասում պետական բյուջեին, նա ասաց. «Իհարկե, պետք չէ դիմել ճոխությունների, և երբ դուք մտածում եք, որ ՊԵԿ-ում նման ճոխությունների են դիմում, ապա, եթե նայեք նաև գնումների կառուցվածքը, միգուցե դուք ասում եք բազմոց՝ 1 800 000-անոց, բայց այդ բազմոցը ոչ թե մեկ բազմոց է, որը դուք պատկերացնում եք, այլ՝ ընդհանուր կոմպլեկտ: Ես հիմա չեմ կարող մանրամասներ հայտնել դրա մասին, բայց կարծում եմ, որ այն տպավորությունը, որ դուք ունեք այդ գնումների մասին՝ իրականությանը չեն համապատասխանում: Իրականում, մեր կառույցում ևս խնդիր է դրված՝ առավել խնայողաբար օգտագործել մեր հարկատուների գումարները»:
Այն հարցին, թե վարչապետը հայտարարել է տնտեսության վատ վիճակի մասին, արդյոք նման վիճակ է, ով է մեղավոր կամ ինչն է հանգեցրել դրան, նա պատասխանեց, որ տնտեսության առկա վիճակով պայմանավորված մեղավորներ պետք չէ փնտրել:
«Տնտեսության առկա վիճակը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Հիմնականում նաև արտաքին շուկաներում տիրող առկա իրավիճակներով: Եթե մենք խոսում ենք հատուկ թերակատարման մասին, ապա հասկանում ենք այն թիվը, որը դրված է պետական բյուջեում և այն թիվը, որը փաստացի հավաքագրվում է»,- ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյան:
Մանրամասները՝ տեսանյութում: